[index]


1 Կորնթացիներ 13


1 Եթէ խօսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կը նմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղօղանջում են։

2 Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը, եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը՝ մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ։

3 Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ։

4 Սէրը համբերող է, քաղցրաբարոյ է. սէրը չի նախանձում, չի ամբարտաւանանում, չի գոռոզանում,

5 անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտռում, բարկութեամբ չի գրգռւում, չար բան չի խորհում,

6 անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ.

7 ամէն բանի դիմանում է, ամէն բանի հաւատում է, մշտապէս յոյս է տածում, ամէն բանի համբերում։

8 Սէրը երբեք չի անհետանում. թէ մարգարէութիւններ են, պիտի չքանան. թէ լեզուներ՝ պիտի լռեն. թէ գիտութիւն՝ պիտի անցնի.

9 քանզի շատից քիչը գիտենք եւ շատից քիչն ենք մարգարէանում։

10 Իսկ երբ գայ կատարեալը, շատից քիչը կ՚անհետանայ։

11 Մինչ երեխայ էի, խօսում էի ինչպէս երեխայ, խորհում էի ինչպէս երեխայ, դատում էի ինչպէս երեխայ. իսկ երբ տղամարդ դարձայ, երեխայական բաները մի կողմ թողեցի։

12 Այժմ տեսնում ենք աղօտ, ինչպէս պատկերը հայելու մէջ. իսկ այն ժամանակ պիտի լինի դէմառդէմ։ Այժմ շատից քիչը գիտեմ, իսկ այն ժամանակ կը գիտենամ՝ ինչպէս որ Նա ճանաչեց ինձ։

13 Բայց արդ, մնում են հաւատ, յոյս, սէր. սրանք՝ երեքը. եւ սրանցից մեծագոյնը սէրն է։








[index]